ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ ՀՀ քաղաքացիներին կրկին անգամ հորդորելով Ռուսաստանից Հայաստան չվերադառնալ ցամաքային ճանապարհով:
»Տեղյակ ենք, որ դեռ կան հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են Ռուսաստանից վերադառնալ Հայաստան։ Անհրաժեշտ ենք համարում վերստին ընդգծել, որ համավարակի կանխարգելման շրջանակներում Վրաստանի կառավարության կողմից կայացված որոշմամբ արգելված է օտաերկրացիների մուտքն իր տարածք, ուստի մեր քաղաքացիներին նորից և նորից հորդորում ենք չծրագրել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով։
Այն քաղաքացները, որոնք հայտնվում են Լարսի անցակետում, հայտնվում են փակուղու առաջ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու միակ հնարավոր ճանապարհն օդային ուղին է։ Ընդ որում, այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կամ Մոսկվայում ՀՀ դեսպանությունում։
Առաջիկա թռիչքները տեղի կունենան հունիսի 10-ին՝ Կրասնոդար և Միներալնիե Վոդի քաղաքներից, նախատեսված է թռիչքներ նաև Մոսկվայից, որոնց մասին դեսպանությունը պարբերաբար տեղեկացնում է։ Հայաստան վերադառնալու համար հետևեք միայն պաշտոնական, այն է՝ Ռուսաստանում մեր դիվանագիտական ծառայության մարմինների և ՀՀ ԱԳՆ կողմից տրամադրվող տեղեկատվությանը։
Հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել գործող կարգին, ներդրված սահմանափակումներին և Հայաստան վերադառնալը իրականացնել Ռուսաստանում մեր դիվանագիտական ծառայության մարմինների հետ համակարգմամբ»,- գրել է նա: