Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ դիմակի, ձեռնոցի, ալկոգելի շուկաներում ուսումնասիրությունները շարունակվում են։ Հայտնեց, որ լատեքսից ձեռնոցների շուկայում կան հարուցված վարույթներ։
«Առաջին լսումը տեղի է ունեցել։ Հիմա նորից տնտեսվարող սուբյեկտները տեղեկություն են ներկայացնելու։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներն արդեն վարույթը կավարտվի, ձեզ կհայտնենք»,- ասաց Գևորգյանը։
Վարույթը հարուցվել է, քանի որ որոշակի գնի բարձրացում են նկատել՝ գերիշխող դիրքի չարաշահման հիմքով։ Գևորգյանը նշեց, որ այն ժամանակահատվածը, երբ դիտարկել են, մոտ 220 դրամ է եղել։ Ընդգծեց, որ խոշոր դեղատնային ցանցերում դիտարկում են ամբողջ շղթան, թե Հայաստան որքանով է ներմուծվում, որքանով է մեծածախ կամ մանրածախ վաճառք իրականացվում։
«Հստակ կարող եմ փաստել, որ ՀՀ-ում չկա դեպք, երբ 20 դրամով դիմակ ներմուծված լինի և վաճառված լինի 200 դրամով։ Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող դիմակի դեֆիցիտը՝ Հայաստան ներկրվել է մոտ 10 անգամ բարձր գնով»,- ասաց Գևորգյանը՝ շեշտելով, որ դիմակների դեֆիցիտն ամբողջ աշխարհում էր։
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ Հայաստանում վերջին շրջանում դիմակների գինը բավականին իջել է, օրինակ, մետրոյի կայարաններում ավտոմատ համակարգի ապարատների միջոցով երկու դիմակը միասին 200 դրամով է վաճառվում։ Տեղեկացրեց նաև, որ եթե գտնեն, որ տնտեսվարողները չարաշահում են իրենց ունեցած դիրքը, անպայման պատասխանատվության կենթարկեն։