ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում, ներկայացնելով 2019-ի պետբյուջեի կատարողականը, պատգամավորներից մեկի խնդրանքով անդրադարձավ Գյումրիում կառուցված մաքսակետի գործունեությանը:
Մանուկյանը նշեց, որ ի սկզբանե նոր մաքսատունը միայն մեքենաների մաքսազերծման համար չի եղել, ծրագիրն էլ դեռ չի ավարտվել: Ամբողջական գնահատական կկարողանան տալ միայն ծրագրի ավարտից հետո:
«Հենց հիմա էլ այնտեղ իրականացվում է ծրագրի շարունակությունը: Բայց, բնականաբար, բոլորս էլ գիտենք, որ այս տարի մեքենաների նման հոսք չի լինելու, և այդ առումով կենտրոնը կոչված է նաև այնտեղ ուղղելու այն բոլոր մաքսային ձևակերպումները, որոնք իրականացվում են մեր հյուսիսային սահմանին:
Բացի դրանից՝ այստեղ մենք կիրառել ենք նաև «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը: Այն բոլոր գործառույթները, որոնք հիմա կատարում են այլ մարմիններ, ի վերջո պետք է տեղափոխվեն ու տեղակայվեն այնտեղ: Եվ այդ ժամանակ հստակ կարող ենք ասել, որ այն արդյունավետ է: Այս պահին այդ գնահատականը դեռ չենք կարող տալ»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը: