Հունիսի 8-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանին և հանձնաժողովի պատասխանատուներին:
Միքայել Վիրաբյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԱԺ նախագահին է ներկայացրել հանձնաժողովի գործունեության հիմնական ոլորտները և դրանցում սպասվող փոփոխությունները: Հանձնաժողովի նախագահը, խոսելով առաջիկայում սպասվող փոփոխությունների մասին, նշել է, որ հուլիսի 1-ից կիջեցվեն հեռախոսակապի ռոումինգ ծառայության և ևս 7 ներքին ծառայությունների սակագներ: Միքայել Վիրաբյանի փոխանցմամբ՝ այդ ոլորտի հաջորդ նվազումը նախատեսվում է հունվարի 1-ից:
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, գոհունակություն հայտնելով հանձնաժողովի կատարած աշխատանքից, հույս է հայտնել, որ բարեփոխումները շարունակական բնույթ կկրեն և կտարածվեն նաև հանձնաժողովի շրջանակում կարգավորվող մյուս ոլորտներում:
Հանձնաժողովի աշխատանքների հետագա զարգացման գործում երկուստեք կարևորվել է օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը: