ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու վերջին հայտարարությանը, թե առողջապահության նախարարությունը մասնավոր բուժհիմնարկներին չի առաջարկել միանալ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին:
«Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես օրինակ թվարկելով մասնավոր մի քանի բուժհիմնարկ՝ «էրեբունի», «Արմենիա», «Աստղիկ» բժշկական կենտրոնները, որոնք, ըստ նրա, վաղուց են ներգրավված այս գործընթացին:
«Խնդիրը հակահամաճարակային կանոնների պահպանման մեջ է,- ասաց վարչապետը՝ հավելելով,- նախարարությոնը կարևոր է համարում, որ մյուս առողջապահական բաժինները հնարավորինս մեկուսացված լինեն կորոնավիրուսային բաժիններից, որ վարակը չտարածվի»: Վարչապետը մանրամասնեց՝ մասնագետների կարծիքով, կորոնավիրուսային բաժինները վարակի տարածման աղբյուր են:
Ինչ վերաբերում է Արծրունու բարձրացրած բուն խնդրին, ըստ Փաշինյանի՝ նրա հրապարակումից երեք օր առաջ թեման լուծված է եղել:
«Առողջապահական հիմնարկները ծավալվում են ըստ անհրաժեշտության: Առողջապահական ծավալումը միայն շենք ու սարքավորում չէ: Կարևոր է, որ շենքերն ու սարքավորումներն օգտագործվեն բարձր որակավորման մասնագետների կողմից, որպեսզի մենք լավ որակում գտնվող շենքում բարձր որակի բուժսպասարկում իրականացնենք»,- հայտարարեց Կառավարության ղեկավարը: Նա տեղեկացրեց, որ այս թեմայով շահարկումները շատ են, դրանց հանգիստ է վերաբերվում, իսկ քննադատություններին հետևում են ու դրանց համատեքստում քննում են իրենց գործողությունները: