Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ կան հարուցված վարույթներ մի շարք ապրանքային շուկաներում՝ ձեթի, հավի բդի։ Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ որոշակի գործընթաց էին սկսել շաքարի շուկայում, բայց այնտեղ գնի նվազում կար, որը գնահատել էին ոչ այդքան համաչափ։
«Կարագի ապրանքային շուկայում ևս ունենք հարուցված գործ, բայց գնի բարձրացման հետ կապված չէ, այլ երևույթ է։ 44 ապրանքային շուկա ենք ուսումնասիրել և բացի մի քանի ապրանքից՝ ցիտրուսային մրգեր, իմբիր, դիմակներ, այլ բարձրացումներ չեն նկատվել այս ժամանակահատվածում, բացի դոլարի ինքնարժեքի կուրսի տատանումից և որոշակի ճանապարհածախսի թանկացումից, որը շատ փոքր ազդեցություն թողեց։ Գների էական բարձրացում չի եղել։ Ընդ որում՝ նույն առաջին սպառողական ապրանքներում, եթե նկատում եք, գների նվազում կա։ Եթե համեմատենք 2018-19 թվականների հետ, այդ նվազումը բավականին ակնհայտ է»,- ասաց Գևորգյանը։
ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ այս պահին որևէ ապրանքի դեֆիցիտ չկա, և խանութներում դատարկ դարակաշարեր՝ ևս։ Հիշեցրեց, որ միակ խնդիրը կոճապղպեղն էր, ինչն էլ բացատրեց նրանով, որ կոճապղպեղի սպառումը Հայաստանում շատ փոքր էր։ Բնակչությունը մեծ գնում կատարեց միանգամից և ուղղակի սպառում եղավ մինչև նոր ներկրումը։