ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի օրերին քաղաքական ուժերի պահվածքին:
«Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված շատ հատկանշական իրավիճակ է արձանագրվել, և Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի: Մարդիկ, որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի և հնարավորինս վատ ընթացք ստանա: Դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը, սակայն, վստահեցրեց, որ այդ ուժերը համավարակի ավարտից հետո իրենք էլ են ավարտվելու՝ դե յուրե արձանագրելով քաղաքական աղբանոցում գտնվելը, այս անգամ՝ ցկյանս:
«Այդ քաղաքական շրջանակները կորոնավիրուսի համավարակի ավարտի հետ ավարտվելու են: Այսինքն՝ նրանք ավարտված են, բայց էնքան էլ լավ չեն հասկանում, որ ավարտված են: Ովքեր լավ չեն հասկանում և հասկանալու հետ կապված օբյեկտիվ, բնածին պրոբլեմներ ունեն, մենք նրանց տեսանելի և հասկանալի կերպով կբացատրենք և դա էս անգամ, համոզված եղեք, կհասկանան ցկյանս»,- ասաց վարչապետը:
Նա վստահեցրեց, որ այդքանից հետո այդ քաղաքական շրջանակներն այլևս չեն փորձի քթները խոթել այնտեղ, որտեղ իրենց տեղը չէ:
«Մենք բոլորս գիտենք, թե որտեղ է նրանց արժանի տեղը, և համոզված եղեք, բոլորը շատ շուտով, ըստ ընթացակարգերի, առանց շտապելու կհայտնվեն իրենց արժանի տեղերում: Խնդրում եմ սրանում որևէ մեկը չկասկածի:
ՀՀ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանելու են գնահատականների, և այդ գնահատականների հեղինակներն արժանանելու են շատ կոնկրետ քաղաքական ճակատագրի. նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը: Նրանք այնտեղ են դե ֆակտո, և այնտեղ լինելու փաստը դե յուրե կարձանագրվի շատ շուտով»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը: