Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ): Հիշեցնեմ նաև, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2000 մահճակալ այս խնդրի համար։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մի կարևոր փաստ ևս. այսօր առաջին անգամ մեր նոր՝ Այրվածաքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա գործող տրիաժ կենտրոն ընդունված պացիենտներին համակարգչային տոմոգրաֆիա է արվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում (հայտնի, որպես Ֆիզիկայի ինստիտուտի ցիկլոտրոն):
Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ Կառավարության նիստում առողջապահության նախարարից հետաքրքրվել էի, թե երբ կսկսի գործել պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆը, որը շատ անհրաժեշտ է քաղցկեղ ունեցող մեր քաղաքացիների համար և տեղադրված է հենց այս կենտրոնում։
Ուզում եմ տեղեկացնել, որ վերջինիս վերջնական գործարկման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը անցյալ շաբաթ ներկրվել են Հայաստան, և մյուս շաբաթ այն ամբողջությամբ կգործարկվի՝ երկար տարիների պարապուրդից հետո։ Քաղցկեղ ունեցող մեր պացիենտները ՊԷՏ/ՀՏ համար այլևս ստիպված չեն լինի արտասահման մեկնել»,- գրել է վարչապետը։