Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց՝ ինքն ու ընտանիքի անդամներն առողջացել են կորոնավիրուսից՝ թեստի պատասխաններն այսօր եղել են բացասական։ Վարչապետը կեսօրից վերադարձել է լիարժեք աշխատանքի։ Ասաց՝ առաջին բացասական պատասխանը ստացել էին երեկ կեսօրին, այսօր ստացել են կրկնակի թեստի պատասխանը, և երկու դեպքում էլ եղել են բացասական։
«Մենք դրական ախտորոշվել էինք նախորդ կիրակի և 7 օր անց բացասական թեստի առկայությունը մեզ ստիպում է, որ մենք վերանայենք մեր վարակվելու ժամկետների և հանգամանքների մասին պատկերացումները։ Մենք դրանով զբաղվում ենք, և սեփական փորձը, կարծում եմ, մեզ կօգնի որոշ օգտակար հետևություններ անել»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ վերջին օրերին արձանագրել են հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դրական դինամիկա։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց հակահամաճարակային կանոնները պահպանող քաղաքացիներին:
«Հակահամաճարակաին գործողությունները, օրինակ՝ համատարած դիմակ կրելը, իրենց արդյուքները կարող են տալ ամենաշուտը մեկ շաբաթից, որովհետև վարակի հնարավոր ինկուբացիոն ամենակարճ շրջանը համարվում է 7 օրը։ Ուզում եմ ընդգծել, որ կարևոր է հակահամաճարակային կանոնների ոչ միայն ֆորմալ պահպանումը, այլև այդ կանոնների ճշգրիտ պահպանումը»,- շեշտեց Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրեց, որ հակահամաճարակային քաղաքականության առումով ամենօրյա քննարկումներ են ունենում։ Ասաց՝ համոզված է, որ որ գնում են ճիշտ ճանապարհով, որի արդյունավետությունը կերևա, երբ պահպանվեն հակահամաճարակային կանոնները:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ հանրության մոտ որոշակի դրական արձագանք է ստացել հակահամաճարակային շարժում սկսելու իրենց կոչը: Նա հույս հայտնեց, որ կձևավորվեն կամավորների երկու հոգանոց խմբեր, որոնք հակահամաճարակային կանոնները պահպանելով՝ մեր մյուս քաղաքացիներին հարգանքով կիրազեկեն այդ կանոնների կարևորության մասին։