Արցախում դեպքերը քիչ են և վերահսկելի: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով կորոնավիրուսի կանխարգելման հետագա աշխատանքների մասին:
«ՀՀ-ում տեսնում ենք վարակակիրների աճի դինամիկա, և հուսանք, որ արդեն հասել ենք պիկին, ուստի մենք մենք պետք է պահպանենք անվտանգության բոլոր կանոնները, որպեսզի զերծ մնանք վարակի տարածումից»,- ասաց Ա.Հարությունյանը՝ խիստ մտահոգիչ համարելով թաղումների կազմակերպումը:
«Եթե թաղումների ժամանակ կանոնները չխստացնենք, ապա ունենալու ենք շատ թաղումներ»,- նշեց ԱՀ նախագահը:
Նա հայտնեց, որ ամեն օր Հայաստանից Արցախ մոտ 500-600 մարդ է մտնում, և հնարավոր է, որ նրանց մեջ լինեն վարակակիրներ, ինչը շատ դժվար է վերահսկել: Ա.Հարությունյանն ասաց, որ պարետատանը ծանր հանձնարարական է տալու, այն է՝ Արցախի սահմանը հատող բոլոր քաղաքացիները պետք է ունենան թեստի բացասական արդյունքը փաստող թերթիկ:
ԱՀ նախագահի խոսքով՝ բոլոր անցակետերում կլինեն արագ թեստեր, որպեսզի քաղաքացիները, որոնք չունենք համապատասխան թերթիկ, տեղում թեստավորվեն և հետո միայն մուտք գործեն Արցախ: Ինչպես նաև բոլոր Արցախ մուտք գործողները պետք է ծանոթանան և կատարեն Պարետի որոշումները:
Ա.Հարությունյանը նաև հայտարարեց, որ Արցախում դիմակ կրելը պետք է դառնա պարտադիր, և դա պետք է իրականացվի փուլ առ փուլ: