Հաշվի առնելով Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մերձակա տարածքներում պարսկական (կովկասյան, առաջավորասիական) ընձառյուծի ներկայության փաստը, ինչը վերջին հիսուն տարիների համար հրաշալի ու աննախադեպ իրադարձություն է, Կովկասի բնության հիմնադրամը (CNF) ավելացնում է ֆինանսական աջակցությունը «Բնապահպանի տուն» նախաձեռնությանը՝ վերոնշյալ տարածքներում ևս համակարգված մոնիտորինգ իրականացնելու նպատակով:
Այս ֆինանսավորմամբ հնարավորություն կլինի ներգրավել նոր աշխատակիցների, ձեռք բերել անհրաժեշտ վառելիք և այլ պարագաներ՝ ընձառյուծի բնակեցման հավանական տարածքներում համակարգված այցեր կազմակերպելու և մոնիտորինգ իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ CNF-ի և «Բնապահպանի տուն» նախաձեռնության միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2018 թվականին, որի նպատակն էր «Դիլիջան» ազգային պարկի անտառների հանրային մոնիտորինգի իրականացումը։ Այս ընթացքում կատարված աշխատանքի շնորհիվ պարկում պահպանության
գործում դրական տեղաշարժն ակնհայտ է, ինչը ցուցադրում է նախաձեռնության կենսունակությունը՝ նախանշելով պահպանության նման տարբերակի գործունակությունն ու նոր մակարդակը:
Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է իր առաքելությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործում: