ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակում, իրականացնելով Պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում, այսօր 24 ժամով կասեցրել է մոտ յոթ տասնյակ տնտեսվարողների աշխատանքը:
ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում՝ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերվում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնց մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:
Հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը և ամենատարածվածը՝ սեղանների և,
նաև իրացման ցանցերում, անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:
Այսօր 72 ժամով կասեցվել է Պտղնիում գտնվող «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրի գործունեությունը: Այստեղ խախտվել է ՀՀ պարետի՝ խնջույքների կազմակերպման արգելքին վերաբերող նորմը:
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսվարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը:
Անակնկալ ստուգայցեր լինելու են ամեն օր՝ բացառելու համար Պարետի սահմանած կանոնների շրջանցումը: