Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրեց՝ երեկ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք։ Նախարարը շեշտեց, որ թիվը նախորդ օրվա ցուցանիշի՝ 766-ի համեմատ փոքր է: Նա մեկնաբանեց՝ ամենամեծ լաբորատորիան, որ օրական կատարում էր 1000-1300 հետազոտություն, պրոֆիլակտիկային վիճակում է եղել, և ցածր ցուցանիշը դրա հետևանք է: Թորոսյանը նշեց․ որ չպետք է մեկ կամ մի քանի օրվա ցուցանիշներով առաջնորդվել։ Նախարարի խոսքով՝ զգոնությունը չպետք է կորցնել այնպիսի իրավիճակում, որը, հավանաբար, երկար է պահպանվելու։
«Այս պահի դրությամբ մենք ունեք 403 ծանր և 94 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ»,- ասաց Թորոսյանը: Ըստ նրա՝ վերջին օրերի ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների թիվը կարծես կայուն է: Միաժամանակ, ըստ նրա, ամեն ինչ պետք է անել, որ այդ թիվը նվազի: Իսկ դրան, ըստ Թորոսյանի, կարող ենք հասնել միայն ընդհանուր թվի նվազման արդյունքում։
«Այն քաղաքականությունը, որ մենք վարում ենք ծավալների մեծացման առումով, բնավ չպետք է փոխարինի համաճարակային կանոնների պահպանմանը։ Հակառակը՝ դրանք պետք է լրացնեն իրար, որ մենք կարողանանք կառավարելի վիճակով շարժվել առաջ՝ պահպանելով տնտեսության մյուս ճյուղերը գործունակ վիճակում»,- ասաց Թորոսյանը։
Խոսելով հիվանդանոցների ծավալների ընդլայնման աշխատանքների մասին՝ Թորոսյանը հայտնեց, որ արդեն աշխատանքների երկրորդ փուլն է մեկնարկել: Հիշեցնելով առաջին փուլի աշխատանքները՝ նախարարն ընդգծեց՝ անկախ Հայաստանի պատմության մեջ այն աննախադեպ է, քանի որ նման մոբիլիզացիա առողջապահական համակարգը երբեք չի ունեցել։
Նախարար Թորոսյանը հորդորեց պահպանել երեք պարզ կանոն՝ դիմակի ճիշտ կրումը, ձեռքերի հաճախ ախտահանումը, սոցիալական հեռավորությունը։
«Մենք հաճախ ստվերում ենք թողնում կազմակերպություններում կանոնների պահպանումը՝ դա թողնելով միայն, որ վերահսկողական մարմինները հետևեն, բայց կարծում եմ՝ քաղաքացիներն այդտեղ էլ կարող են դեր ունենալ՝ պահանջելով, որ այդ կանոնները պահպանվեն իրենց աշխատավայրերում»,- ասաց Թորոսյանը։