ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ու համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի հետևանքներին:
«Աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունները 2020 թվականը գնահատում են որպես նվազագույն կորուստներով հաղթահարելու տարի: Գնահատականները տարբեր են, տարբեր միջազգային կազմակերպություններ կարծում են, որ 3-5 տոկոս անկում կարձանագրվի և՛ զարգացած, և՛ զարգացող տնտեսություններում: Եվ գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները գնահատում են, որ 2021թվականին նույն այդ տնտեսությունները կվերակագնվեն նույն չափով: Այսինքն՝ գնահատականները նորից 5 տոկոսի սահմաններում աճի հնարավորությանն են վերաբերում»,- հայտարարեց նախարարը:
Նրա խոսքով՝ այս առումով Հայաստանը բացառություն չի լինելու, փորձելու են արագ կողմնորոշվել, արագ գործել: Ըստ նախարարի՝ 2021 թվականը հիմնականում լինելու է կորսվածը վերականգնելու տարի:
«Կարծում եմ, որ 2021 թվականը լինելու է աճի այն տարին, երբ կորցվածը քանակական ցուցանիշների տեսքով հիմնականում հետ է բերվելու»,- նշեց նա: