Որևէ հստակեցում չկա՝ ինչի շուրջ մենք պետք է բանակցենք և ում հետ: Այդ մասին «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարության և ԲՀԿ-ի հետ բանակցելու հնարավորության մասին հարցին:
«Եթե խոսքը կորոնավիրուսի, առողջապահական համակարգի մասին է, ապա դժվար չէր 35- րոպեանոց մոնտաժված տեսանյութում շեշտել այդ մասին, այլ ոչ թե խոսել ընդհանրական կամ 100-տոկոսանոց պնդումներով: Երբ կլինի կոնկրետ առաջարկ, մենք կքննարկենք, բայց որևէ առաջարկի ձևակերպում չի եղել»,- նշեց Ա.Սիմոնյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում իշխանությունը փոխում է միայն ՀՀ ժողովուրդը և ոչ թե մեկ սուբյեկտ, մեկ անհատ, ուստի կատեգորիկ ելույթներին, որոնք բացարձակ ճշմարտության տրամաբանության մեջ են արվում, կատեգորիկ գնահատականներ և հակաքայլեր են հետևում:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» որևէ հայտարարություն չի անելու Գ.Ծառուկյանի գնահատականների վերաբերյալ, և այն, որ ինքը և իր գործընկերներն արձագանքում են, արդեն բավարար է: «Այն, որ ԱԺ ամենամեծ ուժի ներկայացուցիչը խոսում է այդ մասին, բավարար է, եթե ավելացնելու բան լինի, կխոսենք, խնդիր չունենք»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել, միասին մասնակցել են նաև տոնական միջոցառման, Ա.Սիմոնյանն ասաց, որ ՀՀ իշխանությունը, բացի ՀՀ ժողովրդից, որևէ մեկի հետ դաշնային հարաբերություն չի ունեցել: «Այո, ԱԺ մեծությամբ երկրորդ խմբակցության հրավերով մասնակցել ենք տոնական միջոցառմանը, և կարծում եմ՝ չարժի խառնել քաղաքականությունն ու անձնական շփումները»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Ինչ վերաբերում է ընդդիմության համախմբմանը, ապա Ա.Սիմոնյանը նշեց, որ իրապես ցանկանում է, որ բոլորը մի տեղ հավաքվեն, և այդ ժամանակ հանրության համար ակնհայտ կլինի՝ ով ով է: «Այս իրավիճակում քաղաքական դիվիդենդներ շահելու գործընթացը ճիշտ չի, մնացածը մոտ ապագայում իր տեղը կընկնի»,- ասաց նա: