Ֆրանսիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն չի թաքնվում Կարակասում Ֆրանսիայի դեսպանատանը: Բացատրությունը հետևել է Վենեսուելայի արտգործնախարարի հայտարարությունը, որով նա Ֆրանսիային կոչ է արել հանձնել արդարադատությունից փախչող ընդդիմադիր գործչին:
Ավելի վաղ Գուայդոյի գտնվելու մասին ակնարկել էր նախագահ Մադուրոն, սակայն Գուայդոն հերքել էր ֆրանսիական դեսպանատանն իր գտնվելու մասին լուրը և հայտարարել էր, որ «միշտ ժողովրդի կողքին է, որտեղ էլ որ լինի»:
Վենեսուելայի իշխանությունը ընդդիմադիր գործչին մեղադրում է ԱՄՆ-ի աջակցությամբ երկրում հեղաշրջում իրականացնելու փորձի համար: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ մայիսի 8-ին վենեսուելական ընդդիմությունը 212 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել ամերիկյան մասնավոր ռազմական ձեռնարկության՝ Silvercorp-ի հետ: Ըստ համաձայնագրի՝ վարձկանները պետք է տապալեին Մադուրոին և օգնեին երկրում նոր կառավարություն հաստատելուն: Գուայդոն հերքել է իր մասնակցությունն այս գործարքին: