«Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, որ վարակվել էր կորոնավիրուսով և բուժվելուց հետո երեկ դուրս է գրվել հիվանդանոցից, այսօր մասնակցում էր պարետատան նիստից հետո ճեպազրույցին:
«Նամարդ հիվանդություն է, գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ և կատարում իր չար գործը: Հիվանդությանը քամահրանքով վերաբերվել չի կարելի»,- ասաց նա:
Բժշկի խոսքով՝ ուրախալի է, որ երիտասարդների մոտ հիվանդությունը հեշտ է ընթանում, բայց նրանք այդ հիվանդությունը տեղափոխում են տուն, իրենց տատիկ-պապիկներին, ծնողներին:
«Պատերազմ է, ժողովուրդ, իսկական պատերազմ: Վարչապետն ասաց՝ պետք է համախմբվենք: Իսկ պատերազմում հրամանները չեն քննարկվում: Ունենք կառավարություն, ունենք կառավարության որոշումներ, եկեք կատարենք այդ որոշումները, ուրիշ բան պետք չէ:
Ես էսպես եմ ուզում, կամ չեմ ուզում, մեկը դիմակն ուզում է, մյուսին դիմակը խանգարում է: Մյուսին ձեռնոցն է խանգարում: Ոչ, պետք է կրենք դիմակ: Պետք է կրենք դիմակ, պետք է հագնենք ձեռնոցներ, պետք է պահպանենք ֆիզիկական հեռավորություն»,- կոչ արեց նա:
Բժշկի համոզմամբ՝ եթե բոլորը պահպանեն սահմանված կանոները, ընդամենը 3 շաբաթ հետո համաճարակին համարյա հաղթած կլինենք: