Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձավ վերջին օրերին Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական կոչերին։ Պատգամավորն ընդգծեց, որ վերջին շրջանում ակտիվացել են ռազմական, ուժի սպառնալիքին ուղղված կոչերը, որոնք հնչում են երկրի նախագահի, պաշտպանության նախարարի կողմից։
Պատգամավորն ընդգծեց, որ իր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ակտիվորեն քննարկվում են նաև Ադրբեջանի խորհրդարանում։ Ասաց, որ որոշ պատգամավորներ օր առաջ ռազմական գործողությունների վերսկսման կոչ են անում։
«Ես կարծում եմ՝ բոլոր ռիսկերով հանդերձ, սա ներքին գործընթացների արդյունք է և ներքին լսարանին ուղղված կոչեր են, քանի որ Ադրբեջանն անցել է կարանտինային խիստ ռեժիմի՝ դիմակների կրումը դարձել է պարտադիր, օրինախախտները տուգանվում են։ Հաշվի առնելով այդ իրավիճակը, ներքաղաքական որոշ գործընթացներ՝ ես այս պահի դրույթյամբ չեմ կարծում, որ Ադրբեջանը նման արկածախնդրության կգնա։ Այդուհանդերձ, այս կոչերն անպատասխան չեն մնալու, ինչպես Ազգային ժողովի դահլիճից հայտարարել է մեր խմբակցության ղեկավարը, այնպես էլ մենք, Արտաքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ միասին աշխատում ենք այս ուղղությամբ, որպեսզի այդ կոչերը չմնան անարձագանք։
Ցանկացած զարգացման դեպքում, եթե, Աստված մի արասցե, վաղը կամ մյուս օրը տարածաշրջանում նոր պատերազմ բռնկվի, որի հետևանքներն Ադրբեջանն առաջինն է կրելու իր վրա, ապա միջազգային հանրության լռությունը միայն կարող է խրախուսել Ադրբեջանի նման գործողությունները»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այդ ամենը համարժեք արձագանք է ստանում նաև Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության կողմից՝ համարժեք քայլերով։