Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը` Արցախ ժամանած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին, հունիսի 5-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև:
«Այսօր ԱՀ մի խումբ պաշտոնյաների և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին այցելել էինք մեր հանրապետության ամենագործունյա հատվածներից՝ Քաշաթաղի հարավային թև, որտեղ մեկնարկել են գարու բերքահավաքի աշխատանքները:
Նախնական արդյունքները կարծես թե գոհացուցիչ են, սակայն օրվա ամենակարևոր թեման, որը ցանկանում եմ առանձնացնել, նախընտրական խոստումներիցս հերթականը՝ նոր ասֆալտապատ մայրուղու կառուցման ծրագիրը, կյանքի կոչելն է. այն Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Մայր Հայրենիքին:
Դա նոր մեկնարկ կլինի մեր հանրապետության հարավային գոտու տարածքների իրացման, տնտեսական զարգացման և հայրենադարձությանը զարկ տալու առումներով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահը: