Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իմ էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ ու իմ ընտանիքի անդամների, Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների: Առանց չափազանցության. մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդն ենք՝ նույն ընկալումներով և վարքագծով: Այդ նյութերում, բառիս բուն իմաստով, մենք ենք, մեր բարեկամները, հարազատները:
Բացառեք մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետև մենք խոսում ենք մեր մասին, ո՛չ ուրիշների: Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու և մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց:
Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որևէ թթու խոսք է հնչել: Բայց՝ հանրային վերահսկողության ակցիան շարունակվելու է: Բայց՝ սիրով: Վատ մեկնաբանությունների հեղինակներին կոչ եմ անում ջնջել դրանք: Շնորհակալություն:
Պահպանեք հակահամաճարակային կանոնները»,- գրել է վարչապետը:
Նա նաև կոչ է արել առաջիկա օրերին նախատեսվող «ընդհատակյա» խնջույքների, ծնունդների, հարսանիքների մասին տեղեկատվությունը ուղարկել իր էջին: