Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2019 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը հեռավար մասնակցելիս նշեց, որ իր համոզմամբ՝ այս շրջանը բարեփոխումների ամենալավ շրջանն է:
«Սա ամենալավ շրջանն է, որովհետև մենք տնտեսական և մյուս առումներով կորցնելու բան չունենք այլևս: 2019-ին մենք շատ զգույշ էինք, մենք կենտրոնացած էինք տնտեսկան աճ, ակտիվություն, եկամուտներ ցույց տալու և ունենալու վրա, բայց հիմա մենք մի վիճակում ենք, որ կորցնելու բան չունենք:
Ավելի ճիշտ՝ մեր այս օրը կորսված է, մենք պետք է մտածենք վաղվա մասին: Եվ այս առումով մեր պետականություն ունենալու կամքի արտահայտությունը պետք է դառնա այն բարեփոխումների նկատմամբ վերաբերմունքը, որը Կառավարությունն այսօր ձեռնարկում է»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ խոսքը գույքահարկի փոփոխությունների, համատարած եկամտահարկի փոփոխության մասին է: