Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը այսօր պարետատան ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ այս ժամանակահատվածում տեսչական մարմինները հատել են 22 հազար ստուգողական այցերի շրջանակը։ Այդ այցերի արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարողի գործունեություն:
«Մենք ոստիկանության հետ աշխատանքներ ենք իրականացնում, ինչը տալիս է իր արդյունքները: Արդեն նման միջոցառումներ են իրականացվել Դավիթաշեն, Նորք Մարաշ, Կենտրոն, Արաբկիր վարչական շրջաններում: Նախապես չենք իրազեկելու մեր միջոցառումների մասին, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողները, այո, անակնկալի գան և պատասխանատվություն կրեն իրենց վարքագծի համար: Այս ցանկում ներառված են բոլոր պետական հիմնարկները: Օրինակ՝ մենք այսօր կասեցրել ենք կառավարական 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը»,- ասաց Ասոյանը։