Հունիսի 2-ին Եվրոպական հանձնաժողովը թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակը, որում ներառված են բոլոր ավիաընկերությունները, որոնք ենթակա են Եվրամիության ներսում գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների, քանի որ չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշները, տեղեկացնում է EU NEIGHBOURS east նախագծի հաղորդագրությունը։
Ցուցակում այժմ ներառված են Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները: Որոշումը կայացվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և 6 հայկական ավիափոխադրողների հետ ԵՄ-ի անցկացրած լսումներից հետո:
Եվրոպական հանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանն այս կապակցությամբ նշել է․ «ԵՄ օդային անվտանգության ցուցակը պետք է կիրառվի որպես գործիք, որն օգնում է ավիաընկերություններին և ցուցակագրվող երկրներին՝ վերագնահատել և բարելավել իրենց թռիչքային չափանիշները»:
Ըստ հանձնակատար Վալեանի՝ «Հայաստանյան փոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցուցակում ներառելու որոշումը հիմնված է օդային անվտանգության կոմիտեի ներկայացրած անանուն կարծիքի վրա»:
Պրն Վալեանը հավելել է, որ Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել և ներդրումներ կատարել Հայաստանում ավիացիոն անվտանգության բարելավման համար: