Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը մասնակցում էր հեռավար։
Վարչապետը նշեց, որ դեռ վաղ է 2020-ը տնտեսական առումով ամփոփելու համար, բայց նաև հիշեցրեց Կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ճգնաժամը որպես հնարավորություն դիտարկելու քաղաքականությունը:
«Ես կարծում եմ, որ հիմա՝ հենց այս օրերին, Հայաստանում խորը վերագնհատման պրոցես է տեղի ունենում, և այդ պրոցեսը կապված է պետական կարգի և անհատի փոխհարաբերությունների հետ: Այսօր մենք առերեսվում ենք անհատի և պետական կարգի հարաբերություններին և գալիս ենք մի հարցի՝ ինչպե՞ս ենք մենք ընկալում մեր պետությունն ու մեր պետականությունը:
Արդյոք մենք մեր պետությունն ու պետականությունը ընկալում ենք պատմության դասագրքերում ձևակերպված բռնության գործիք բանաձևո՞վ, թե՞, այնուամենայնիվ, մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, դիտարկում և ընկալում ենք որպես պետություն ունենալու մեր կամքի արտահայտություն»,- նշեց վարչապետն ու հավելեց, որ սա շատ կարևոր հարց է, և կորոնավիրուսի արդյունքում մենք պետք է վերագնահատենք պետություն-անհատ փոխհարաբերությունները, քանի որ հին ընկալմամբ՝ օրենք գրում են իշխողները, որ քաղաքացիներին պահեն իրենց հսկողության տակ: Վարչապետի խոսքով՝ նոր ընկալմամբ պետք է լինի, որ օրենքները ստեղծում ենք մենք բոլորս՝ որպես համակեցության արժեքների ամբողջություն:
Փաշինյանը հավելեց, որ հավատում է, որ Հայաստանում հիմա կրկին հեղափոխական ժամանակներ են, և այս՝ կորոնավիրուսային ժամանակաշրջանում, մենք պետք է վերագնահատենք մեր վերաբերմունքը կարգապահության և մեր քաղաքացիական պարտականությունների նկատմամբ:
«Այս առումով պետական բյուջեն ունի առանձնահատուկ նշանակություն: Եվ բյուջեի քաղաքական ու քաղաքացիական ընկյալումն ունի առանձնահատուկ նշանակություն: Ուզում եմ հավատալ, որ մենք ունեինք բյուջեի հին ընկալում և հիմա պետք է ձևավորենք նորը: Հին ընկալմամբ՝ բյուջեն ընդունում են իշխողները, որ մեր աշխատած փողի մեծ մասը տանեն, որ մեզ թալանեն, որ մեր ձեռքից վերցնեն: Բյուջեի նոր ընկալումը պետք է լինի այն, որ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձևավորում ենք միասին՝ մեր ընդհանուր կարիքները հոգալու համար»,- նշեց վարչապետը՝ կարծիք հայտնելով, որ բյուջեի հին ու նոր ընկալումների բանաձևը հստակ բաժանում են պետական ժողովրդին ոչ պետական ժողովրդից:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ որքան էլ 2019-ը համարվի պատմական ցուցանիշների առումով, 2019-ին բյուջե չի հավաքվել այն ամբողջ պոտենցիալը, որը գոյություն ունի: Հայաստանում տարբեր հաշվարկներով՝ հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի՝ նշեց վարչապետն ու հայտնեց, որ որոշ գնահատականներով՝ նույնիսկ հավաքագրման ենթակա պոտենցիալը կարող էր ավելի լինել 400 միլիարդից:
«Կարգապահությունը պետք է լինի ոչ թե ուժային գործադրման և հարկադրանքի արդյունք: Հոգեբանական և փիլիսոփայական առումով պետական ժողովրդի համար կարգապահությունը պետք է լինի քաղաքացու պետություն ունենալու կամքի արտահայտություն, որովհետև պետական բյուջեն անվտանգություն է: ՀՀ քաղաքացիները չեն կարող յուրաքանչյուրը իր համար, իր ընտանիքի համար առանձին անվտանգություն կառուցել: Դրա համար մենք վճարում ենք կատարում պետական բյուջե, որ այդ ծախսերով ապահովենք մեր ընդհանուր անվտանգությունը»,- նշեց վարչապետը: