Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում շարունակվում են ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի լայնածավալ-հետևողական ստուգայցերը հանրապետության մարզերում, Երևանում, և հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն, որտեղ էլ որոշվում է տնտեսվարողի նկատմամբ կիրառվող պատժամիջոցը:
ՍԱՏՄ տեսուչներն այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցրել են հանրային սննդի ոլորտում գործող 100-ից ավելի տնտեսվարողների գործունեությունը: Դրանցից երկուսի աշխատանքը, կրկնակի խախտումների հայտնաբերման հիմքով, դադարեցվել է 48 ժամով:
Այսօր 24 ժամով դադարեցվել է նաև պետական կառույցներում՝ Կառավարության N1 և Կառավարության N3 շենքերում գործող հանրային սննդի կազմակերպությունների աշխատանքը:
Նշված ընկերությունները խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ՝ անձնակազմի պարտադիր դիմակ կրելու բոլոր հաճախորդներին ջերմաչափելու, ախտահանման և ջերմաչափման վերաբերյալ գրանցամատյաններ ունենալու, սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը ապահովելու, բոլոր մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ ունենալու և, շատ դեպքերում, նարգիլե չօգտագործելու, պահանջները:
Եվս մեկ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը դադարեցվել է 72 ժամով, քանի որ այդ տնտեսվարողը, խախտելով 24 ժամով կասեցման Պարետի որոշումը, շարունակել էր աշխատել:
Կասեցումների նպատակը ոչ միայն կարգազանցներին պատժելն է, այլև արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը: ՍԱՏՄ աշխատակիցները տրամադրում են նաև խորհրդատվություն, տալիս են ցուցումներ: