Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
«Ընդ որում՝ տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197աշխատակցի թեստավորման արդյունքում: Առողջացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք 1 մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով:
Այսօր առավել քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ' հանուն մեր ընկերների, մեր հարազատների: Պարտավոր ենք կրել դիմակ, փրկել մեր ծնողների ու մեր երեխաների կյանքը»,- գրել է մարզպետը: