Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան է բացվել: «Մուսա լեռ» կոչվող մշակութային կենտրոնը Հաթայ նահանգում է, Սամանդաղ շրջանից 4 կմ հեռու գտնվող Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղում:
Գյուղի հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը հայտնել է, որ թանգարանում ներկայացված ցուցանմուշները պատկերում են ոչ միայն հայկական մշակույթը, այլև արտացոլում այդ տարածաշրջանում բնակվող մյուս ժողովուրդների մշակութային հետքերը։ Դրանք բերել են մի շարք երկրներից ու Թուրքիայի տարբեր շրջաններից: Հայկական «Մուսա լեռ» թանգարանում ցուցադրված են ազգային տարազներ, պատմական իրեր, զարդեր, ինչպես նաև մուսալեռցիների հայտնի հարիսայի մեծ կաթսաները։
Ջեմ Չափարը նշել է, որ կորոնավիրուսի պատճառով թանգարանի պաշտոնական բացման արարողություն տեղի չի ունեցել, սակայն համավարակը հաղթահարելուց հետո այն բաց կլինի զբոսաշրջիկների, այցելուների համար։