ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյան ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավոր Անի Սամսոնյանի խնդրանքով անդրադարձավ այսօր հրապարակված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում կարգը խախտած քաղաքացուն:
Սարգսյանը նշեց, որ ոստիկանների գործողությունները շատ օրինաչափ է համարում, որովհետև քաղաքացուն խնդրել են կատարել Պարետի սահմանած որոշումներն ու դրանց պահանջները:
«Այն քաղաքացին, որը համակեցության կանոններից, համընդհանուր նորմերից և մյուս պահանջներից սկսած փորձում է ընդվզել և ոստիկանին հրահրելով ներքաշել ինչ-որ բանի մեջ, դա իրավաչափ է, ճիշտ են անում: Բնականաբար, եթե այդ նույն գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, որը ոչինչ չի արել, անպայման ոստիկանության այդ ծառայողը կպատժվի անմեղ մարդուն նվաստացնելու, պատիվը արատավորելու համար: Այստեղ կարծում եմ, որ ոստիկանն ունի օրենքով ուժ կիրառելու իր լիազորությունը»,- նշեց ոստիկանապետը և հավելեց, որ ոստիկանները, եթե գտնեն, որ ուժ կիրառելու անհրաժեշտություն կա և օրենքով ճիշտ է ուժ կիրառելը, ուրեմն պետք է կիրառեն:
Ոստիկանապետը հավելեց, որ ծայրահեղությունների մեջ են մեղադրում աշխատակիցներին:
«Երբ մենք ուժ չենք կիրառում, մեզ ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, փափուկ խաղալիք եք, երբ ուժ ենք կիրառում, ուժ կիրառելը դիտարկում են բռնություն»,- նշեց ոստիկանապետը: