ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի էջում շնորհակալություն է հայտնել Հարևան Վրաստանին այս դժվարին օրերին մեզ օգնելու պատրաստակամության, իրական կարեկցանքի ու հոգատարության համար:
«Մենք դա երբեք, երբեք չենք մոռանա
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածմանն ու ստեղծված իրավիճակին ակտիվորեն հետևում են մեր հարևան ու եղբայրական երկրում՝ Վրաստանում։ Արդեն մի քանի օր է՝ gopetition.com կայքում նախաձեռնվել է ստորագրահավաք Հայաստանին օգնելու կոչով: «Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը քննարկել Հայաստանին օգնելու հարցն այս ծանր շրջանում: Օգնություն ասելով ենթադրվում է առաջարկել Հայաստանին նրանց պացիենտներին բուժել Վրաստանում: Գտնում ենք, որ սա ճիշտ քայլ կլինի հարևան պետությանն օգնելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու տեսանկյունից»,- նշված է ստորագրահավաքի նախաձեռնող խմբի հաղորդագրության մեջ:
Ընդհանրապես վրացական մամուլում և սոցիալական ցանցերում կորոնավիրուսի հետ կապված հարևան երկրների շարքում ամենաքննարկելի թեմաներից մեկը Հայաստանն է. ամենօրյա կտրվածքով վրաստանյան առաջատար լրատվամիջոցները ներկայացնում են Հայաստանում գրանցված վարակի տվյալները: Հատկապես այն բանից հետո, երբ հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել, վրացական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերություններն ակտիվորեն անդրադառնում են թեմային:
Բացի տեղեկատվական անդրադարձերից, Վրաստանի հանրային-քաղաքական ակտիվ գործիչները ևս կոչ են անում օգնել Հայաստանին։ Նման առաջարկով սոցիալական ցանցում հանդես է եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան: Վերջինս գրառման մեջ նշել է. «Անհնար է անտեսել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Պետք է օգնենք, ակնհայտ է, որ մեծ ռեսուրսներ չունենք, սակայն ցանկացած տեսակի օգնությունը հիմա կարևոր է: Պետք է շտապ պարզել կոնկրետ անհրաժեշտություններն ու սկսել գործել»,- գրել է Խոշտարիան: Իսկ «Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն կոչ է արել հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին: «Անհրաժեշտ է մարդասիրական օգնություն ցուցաբերել: Մի կողմ պետք է դնել մի քանի նախարարների ոչ ադեկվատ հայտարարությունները և կանգնել հարևանի կողքին: Նրանք ունեն վարակվածներ, որոնց չեն կարողանում հոսպիտալացնել: Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ մահանան: Հեշտությամբ կարելի է գտնել օգնության ճանապարհը»: Հարցին անդրադարձել են նաև վրացի բազմաթիվ այլ քաղաքական ու հասարակական ակտիվիստներ։
Եղբայրական Վրաստանում մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունն ու կարեկցանքը ուղղակի փշաքաղեցնող է։ Այն հերթական վկայությունն է այն բանի, որ մենք իրապես եղբայրական ժողովուրդներ ենք, որոնք օրհասական պահերին պատրաստ են ամեն կերպ աջակցելու միմյանց։ Մենք դա տեսել ենք 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օրերին, մենք նման պատրաստակամություն տեսնում ենք նաև այսօր։ Ընդ որում, նույնիսկ երկրորդական է, թե ինչ արդյունք կունենա ստորագրահավաքը ու ինչ ծավալի կամ ձևաչափի օգնություն կհետևի դրան։ Շատ ավելի էական են այն զգացմունքայնությունն ու պատրաստակամությունը, որ մեր եղբայրական ժողովրդի ներկայացուցիչները հայտնում են մեզ պատուհասած խնդրի լուծման համար։ Սա էլ իր հերթին ևս մեկ վկայությունն է այն բանի, որ մենք՝ ինչպես որպես եղբայրական ժողովուրդներ, այնպես էլ որպես հարևան պետություններ ունենք մեր հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու ահռելի, չօգտագործված ներուժ, որի իրացման ուղղությամբ պետք է աշխատենք ամեն օր՝ այսօր ու հատկապես համավարակի հաղթահարումից հետո։
Որպես Ազգային ժողովի պատգամավոր, պարզապես որպես ՀՀ քաղաքացի իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում եղբայրական վրացի ժողովրդին՝ այդ դժվարին օրերին մեզ օգնելու պատրաստակամության, իրական կարեկցանքի ու հոգատարության համար։ Մենք դա երբեք չենք մոռանա ու կանենք առավելագույնը նույն կերպ մեր վրացի քույրերին ու եղբայրներին պատասխանելու համար»,-գրված է պատգամավորի գրառման մեջ։