Ամեն տարի տեխնիկական միջոցների բարելավման ուղղությամբ ներդրումներ են արվում. տեղեկացրել է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում։
ԱԱԾ տնօրենի խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հագեցված է նորագույն սարքավորումներով, որոնք չեն զիջում գործընկեր հատուկ ծառայությունների սարքավորումներին, իսկ առանձին դեպքերում որոշ տեսակներով նաև գերազանցում են։
«Մենք հիմա ձեռք ենք բերում հատուկ նշանակության սարքավորումներ թե՛ Ռուսաստանից, թե՛ եվրոպական երկրներից, թե՛ ԱՄՆ-ից։ Կարծում եմ՝ մենք համալրված ենք լավագույն սարքավորումներով»,- վստահեցրեց Մարտիրոսյանը։
ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց, որ 2019 թվականին ԱԱԾ գործառույթների իրականացման համար Ազգային անվտանգության ծրագրով պահպանման ծախսերի գծով նախատեսվել է 22 միլիարդ 933 միլիոն 201 հազար դրամ։ Ասաց՝ փաստացի ծախսը կազմել է 98,4 տոկոս։
«2019 թվականին ԱԱԾ պահպանման ծախսերից տնտեսված 366 միլիոն 989 հազար դրամ գումարը վերադարձվել է պետական բյուջե»,- ասաց Մարտիրոսյանը, թվարկելով միջոցառումներով կատարված ծախսերը։
Օրինակ՝ շենքերի և շինությունների կառուցման համար ծախսվել է 198 միլիոն դրամ։ ԱԱԾ տնօրենի խոսքով՝ այդ ուղղությամբ կատարվել է բավական արդյունավետ աշխատանք։ Նորոգվել, հիմնանորոգվել են ծառայության վարչական, տարածքային ստորաբաժանումների շենքեր։ Եղել են նաև շինություններ, որ ամբողջովին նորն են կառուցել, օրինակ՝ Արագածոտնի մարզային վարչության շենքը:
ԱԱԾ տնօրենը հայտնեց նաև, որ համակարգի տրանսպորտային միջոցներով ապահովման ու բարելավման ծախսերը կազմել են 49 միլիոն 470 հազար դրամ։ Շեշետեց, որ այդ գումարով գնված մեքենաները էկոնոմ դասի են։
«Մենք շատ ծախս չենք արել և միակ ուժային կառույցն ենք, որ դեռևս օգտվում ենք, անձամբ ես և իմ տեղակալները, 15-20 տարվա վաղեմություն ունեցող արտադրության մեքենաներով»,- ասաց Մարտիրոսյանը: