ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1270-րդ նիստի օրակարգում Հայաստանի նախաձեռնությամբ ներառվել է «Ատելության հիմքով հանցագործությունների անպատժելիության խրախուսումը Ադրբեջանում» հարցը, որի շուրջ ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել Ադրբեջանում ատելության խոսքի արդարացման վերաբերյալ հայտարարությամբ:
Դեսպան Պապիկյանը մասնակից պետությունների ուշադրությունն է հրավիրել ՄԻԵԴ-ի ս.թ. մայիսի 26-ի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճռի և 2004 թ. Հունգարիայում տեղի ունեցած դատավարության մանրամասներին: Ներկայացրել է մարդասպանի արտահանձնման, ներման և հերոսացման ընթացքը՝ շեշտելով ադրբեջանական բարձր իշխանությունների կողմից շարունակաբար դրսևորվող հայատայացության և ատելության խոսքի փաստը:
Դեսպանն ընդգծել է, որ հարցը բարձրացնելու նպատակն է ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացնել, որ այն անձինք, որոնք այսօր միջազգային հանրությանը փորձում են ապացուցել խաղաղությանն և հանդուրժողականությանն իրենց հանձնառության իսկությունը, այդ նույն անձինք են, որ հերոսացնում են ատելության հիմքով իրականացված մարդասպանությունը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ամոթալի վարքագծին, ներառյալ նախագահի կայքում բացված հատուկ էջին, որի նպատակն էր մարդասպանի արդարացումը՝ զուգորդված հերոսացմամբ:
Համառոտ ներկայացնելով դատարանի վճիռը՝ դեսպանը նշել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 14-րդ (Խտրականության արգելում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:
Հղում կատարելով դատավճռի համապատասխան կետերին՝ նշել է, որ Ադրբեջանի կառավարության փորձերը ժխտելու և արդարացնելու Գուրգեն Մարգարյանի սահմռկեցուցիչ սպանությունը և սպանության փորձը հերքվել է թե՛ Հունգարիայի դատարանի և թե՛ ՄԻԵԴ-ի կողմից: Ավելին՝ դատարանի վճռով հաստատվել է, որ մարդասպանի արդարացումը և հանցագործության հերոսացումը պայմանավորված է եղել զոհերի էթնիկ պատկանելիությամբ:
Հիշատակվել է, որ Ադրբեջանի գործողությունները արժանացել են խիստ դատապարտման բազմաթիվ երկրների և միջազգային կառույցների կողմից, որոնց թվում են Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական Միությունը և Եվրոպական Խորհրդարանը, որն ընդունել է համապատասխան բանաձև այդ կապակցությամբ: Դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ մինչ օրս Ադրբեջանը որևիցե մակարդակով չի զղջացել այս արգահատելի հանցագործության համար: Ավելին, ադրբեջանական իշխանությունները պետական բարձր մակարդակով շարունակում են իրենց հատկանշական ոճով արդարացնել ատելության և էթնիկ պատկանելության հիմքով կատարված հանցագործությունը:
ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը, որն ուղղորդվում է պետական մակարդակով հայատյացության խրախուսմամբ և իր արտացոլումն է գտել նաև ՄԻԵԴ-ի կողմից հրապարակված դատավճռում, գալիս է ևս մեկ անգամ հաստատելու, որ Ադրբեջանը երբևէ չի կարող ստանձնել հայկական բնակչության որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը: Ավելին, Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի: