Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան ընդառաջ, հոգալով շրջակա միջավայրի կարևորագույն ռեսուրսներից մեկի՝ ջրի արդյունավետ կառավարման ու հսկողության մասին, «Վեոլիա Ջուրը» ձեռք է բերել խմելու ջրի որակի հսկողության սարքավորումներ ու տեխնիկա, տեղեկացնում են ընկերության լրատավալկան ծառայությունից։
Սարքավորումները, որոնց մեծ մասը եզակի է անգամ տարածաշրջանում, վերջին սերնդի եվրոպական արտադրության են։ Դրանք սմարթ են և շարժական․ երբ քաղաքացին ահազանգ կատարի, մասնագետները կարող են տեղում ստուգում իրականացնել, ինֆորմացիան փոխանցել և պահպանել։
Նորագույն սարքավորումների շնորհիվ կբարելավվի խմելու ջրի որակի հսկողությունը, կբարձրացվեն ջրի մի շարք ցուցանիշների հետազոտման արագությունն ու ճշգրտությունը՝ թե՛ որակական և թե՛ քանակական առումով։ Նոր սարքավորումներով մի քանի վայրկյանում մեծ ճշտությամբ հնարավոր է ստուգել ջրում մնացորդային ազատ քլորը, ջրածնային ցուցիչը, ջրի ընդհանուր կոշտությունը, պղտորությունը, մանրէաբանական, օրգանական և անօրգանական պարամետրերի ցուցանիշները։
Վերազինվել է նաև «Վեոլիա Ջրի» լաբորատորիայի ավտոպարկը: Ձեռք բերված նոր մեքենաները կփոխարինեն գործող հնամաշ մեքենաներին և կապահովեն ջրի նմուշառումը աղբյուրներից, օրվա կարգավորիչ ջրամբարներից, քաղաքացիների տներից։
Լաբորատոր սարքավորումներով վերազինման գործընթացը կրելու է շարունակական բնույթ: Ջրի որակի հսկողության շարունակական բարելավումը «Վեոլիա Ջուր» ընկերության համար առաջնային նպատակ է, այդ իսկ պատճառով ընկերությունը հետևողականորեն իրականացնում է իր սպասարկման ողջ տարածքում գործող 35 տարածաշրջանային լաբորատորիաների (7 կենտրոնական և 28 մարզային) վերազինման և ժամանակակից լաբորատոր սարքավորումներով ապահովման գործընթացը: