«Պարետատան նիստում քննարկել ենք մի քանի սցենար, այդ թվում՝ տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների հիմնական մասը արգելելու տարբերակը»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան այսօրվա նիստից հետո հրավիրած ճեպազրույցի ժամանակ: Սակայն վարչապետը նշեց, որ այդ քննարկումների համատեքստում ինքը ներդաշնակ չէ որոշումներից որևէ մեկի հետ:
«Նման որոշումներ կայացնելուց առաջ մենք պետք է համոզված լինենք, որ դրանք լուծելու են մեր պրոբլեմները»,- ասաց վարչապետը՝ հավելելով՝ պարետատունը ելնում է կանխավարկածից, թե կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին: Սակայն ըստ վարչապետի՝ այդ տեսակետը հիմնավորող ու ապացուցող որևէ տվյալ չկա: Նրա խոսքով՝ որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ կորոնավիրուսի գագաթնակետը լինելու է հունիսին, այլ ոչ թե հոկտեմբերին, դեկտեմբերին կամ 2021 թ. փետրվարին:
Ըստ նրա՝ վարակը շարունակվում է աշխարհում՝ տարածման տարբեր տեմպերով, և այդ առումով շատ են անորոշությունները:
«Իմ պատկերացրած հիմնական լուծումը, որին շարունակում եմ հավատալ, իրականության փոփոխությունը, այնուամենայնիվ, անհատական վարքագծի փոփոխությունն է,- նշեց նա՝ հավելելով,- ենթադրենք ինչ-որ հրաշքով այսօր վարչական լծակներով կորոնավիրուսի համավարակի ցուցանիշները ՀՀ-ում դարձել են զրո: Բայց աշխարհում այն գոյություն ունի և եթե անհատական վարքագծի, անհատական հիգիենայի, հակահամաճարակային կանոնների պահպանման մշակույթը չի փոխվում, ի վերջո, այն պահին, երբ մենք բացվենք աշխարհի առաջ, պոտենցիալ վարակվածները գալու են Հայաստան ու մենք ամեն ինչ սկսելու ենք նորից»:
Վարչապետ Փաշինյանը շեշտեց՝ պետք է միասին կարողանանք խնդիրը լուծել, անհատական վարքագծի զանգվածային փոփոխությամբ:
«Հավատում եմ ՀՀ քաղաքացուն, հավատում եմ մեզանից յուրաքանչյուրին»,- ասաց նա:
Միաժամանակ, սակայն, Փաշինյանը զգուշացրեց՝ եթե պարետատունը դեռ չի որոշել կիրառել պարետային ժամ ու խիստ սահմանափակումներ, դեռ չի նշանակում, որ վաղը նման որոշում չի կայացվի:
«Իրավիճակը շարունակում է մնալ ծանր ու առայժմ ծանրանում է: Բայց և հավատում եմ, որ մեր յուրաքանչյուրի վարքագծով կարող ենք փոխել իրավիճակը»,- շեշտեց վարչապետը: