2019-ը բյուջետային առումով պատմական տարի էր Հայաստանի համար: Այդ մասին նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նիստին մասնակցում է հեռահար:
Նա նշեց, որ ՀՀ կառավարությանը հաջողվել է 104 մլրդ հարկային եկամուտներ գեներացնել, այդ գումարից 62 մլրդ դրամը դարձան պետբյուջեի եկամուտներ, 42 մլրդ դրամի վերադարձվեց ԱԱՀ պարտքը, որը ձևավորվել էր մինչև 2017-ի հունվարի 1-ը:
«2019-ին արձանագրվել է վերջին 12 տարվա համար աննախատեպ 7.6 տոկոս տնտեսական աճ, հարկեր-ՀՆԱ-ի 22.35 տոկոս ցուցանիշ, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1.4 տոկոսային կետով՝ 2018-ի ցուցանիշը:
Եվ քանի որ այնպես ստացվեց, որ բյուջեի կատարողականը քննարկում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, ես ուզում եմ շնորհակալաություն հայտնել նրան կատարած աշխատանքների համար և նշել, որ համակարգում նոր փոփոխություններ են լինելու»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Նա հայտարարեց, որ իրենց կառավարությունը պատմական ժամանակաշրջանում է կառավարում. 2018-ը պատմական էր հեղափոխության առումով, խորհրդարանական ընտրություններով, 2019-ն աննախադեպ էր տնտեսական ակտիվության ցուցանիշներով, 2020-ը պատմական է կորոնավիրուսի համաճարակի բերումով: «Ակնհայտ է, որ մենք այս տարի որոշակի տնտեսական խնդիրներ ունենալու ենք, բայց խորհուրդ կտայի առայժմ հետևություններ չանել, քանի որ անհայտ է, թե կորոնավիրուսն ինչքան կտևի, և արդյունքներն ամփոփելու համար դեռ վաղ է»,- ընդգծեց Փաշինյանը: