Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը տեղեկացրեց, որ հեղափոխությունից հետո ակնհայտ փոփոխություններ են տեղի ունեցել հարկերի հավաքման ու ստվերայնության կրճատման առումով։
Պատգամավորի խոսքով՝ միայն 2019 թվականի ընթացքում ստվերայնության գնահատականը, որը սովորաբար կիրառվում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությամբ, մոտ 1,5 տոկոսայնության կետով լավացել է։ Պատգամավորը նաև առանձնացրեց բյուջետային գործընթացներում վեկտորի փոփոխությունը։
«Ֆինանսական, երկրի կայունության, մակրոտնտեսական առումով բավականաչափ պոզիտիվ են եղել բոլոր փոփոխությունները։ Կա երկրի ռիսկայնության գնահատական, որ կամայական մի ֆինանսական գործիք ես թողարկում, երկրները, բացի այս պարտատոմսի կամ ֆինանսկաան գործիքի ռիսկայնությունից, գնահատում են նաև երկրի ռիսկը։ Այս համատեքստում եթե ուսումնասիրենք նախորդ թողարկումը և ներկա թողարկումը, ակնհայտ է, որ Հայաստանը շուրջ 5,5 տոկոսային կետով ավելի քիչ ռիսկային գործընկեր է դիտարկվել միջազգային հանրույթի կողմից»,- շեշտեց Մանուկյանը։