Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազգային ժողովում «ՀՀ 2019 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նշեց, որ քննարկումը շատ կարևոր է թերությունները բացահայտելու և հետագա տնօրինման հետ կապված որոշումներ կայացնելու համար:
Մհեր Գրիգորյանի տեղեկացմամբ՝ 2019-ին Հայաստանի տնտեսությունը շարունակեց աճել նախորդ տարվա նկատմամբ ավելի արագ տեմպերով և գրանցվեց 7.6 տոկոս տնտեսական աճ՝ արագանալով 2.4 տնտեսական կետով, երբ նույն ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճը կազմեց 2.9 տոկոս, ԵՄ և ԵԱՏՄ միջին աճերը կազմեցին, համապատասխանաբար, 1.4 և 1.6 տոկոս:
«2019-ի տասներկուամսյա գնաճը կազմել է 0.7 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 1.4 տոկոս: Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալները և ներգրավված ավանդները 2019-ին շարունակել են աճել բարձր տեմպերով, իսկ ՀՀ դրամով վարկերի և ավանդների տոկոսադրույքների նվազեցման միտումները եղել են ակնհայտ: 2019-ի բյուջեի կատարումը համապատասխանել է հարկաբյուջետային կանոններով սահմանված չափանիշներին. պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետբյուջեի պակասուրդի մեծությունը, իսկ ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը ցածր է եղել ՀՆԱ-ի աճի պատմական միտումների հիման վրա հաշվարկված ցուցանիշից»,- նշեց փոխվարչապետ Գրիգորյանը:
Փոխվարչապետը հիշեցրեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին մեր երկրին հաջողվել է միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխել 500 միլիոն դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով արտարժութային պարտատոմսեր 4 և 2 տոկոս եկամտաբերությամբ:
«Եթե 2015-ի մարտին թողարկված 10 տարի մարման ժամկետով պարտատոմսերի եկամտաբերության ձևավորման մեջ երկրի ռիսկի բաղադրիչը գնահատվել է 551.8 բազիսային կետ, այիսնքն՝ 5.5 տոկոսային կետ, ապա նոր թողարկված նույն ժամկետային պարտատոմսերի համար ներդրողների կողմից երկրի ռիսկը կազմել է 242.8 բազիսային կետ, այսինքն՝ 2.4 տոկոսային կետ: Ըստ էության՝ ռիսկի ցուցանիշը կիսվել է, որը շատ լավ բնութագրիչ է»,- նշեց փոխվարչապետը:
Մհեր Գրիգորյանը նշեց, որ 2019-ին պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրիլիոն դրամ եկամուտներ՝ 16.7 տոկոսով կամ շուրջ 223 միլիարդով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հարկային եկամուտներն աճել են 16.4 տոկոսով կամ 206 միլիարդ դրամով:
«Հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը 2019-ին կազմել է 22.35 տոկոս, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1.4 տոկոսային կետով՝ 2018-ի համապատասխան ցուցանիշը: Պետբյուջեի ծախսերը 2019-ին կազմել են շուրջ 1.6 տրիլիոն դրամ՝ 92.4 տոկոսով ապահովելով տարեկան ճշտված ծրագիրը: Բյուջեի ներքին աղբյուրների հաշվին կատարվել է բյուջեի ծախսերի 95.3 տոկոսը կամ ավելի քան 1.5 տրիլիոն դրամը, և 4.7 տոկոսը կամ շուրջ 76 միլիարդ դրամը ֆինանսավորվել է արտաքին դրամաշնորհների և վարկերի հաշվին»,- նշեց փոխվարչապետը՝ հավելելով, որ նախորդ տարվա համեմատ պետբյուջեի ծախսերն աճել են 12.6 տոկոսով կամ շուրջ 182 միլիարդ դրամով:
Մհեր Գրիգորյանը հավելեց, որ նախորդ տարվա պետբյուջեն կատարվել է 64 միլիարդ դրամ պակասուրդով՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 41.6 տոկոսը: 2018-ի համեմատ պակասուրդի մեծությունը նվազել է 39.3 տոկոսով:
«2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Կառավարության պարտքը կազմել է 3.2 տրիլիոն դրամ, այսինքն՝ 6.8 միլիարդ դոլար կամ ՀՆԱ-ի 50 տոկոսը, իսկ 234 միլիարդ դրամ շուրջ 489 միլիոն դոլար կազմել է Կենտրոնական բանկի պարտքը»,- նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: