«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանի արտահերթ նիստում տեղեկացրեց, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով, ըստ էության, առաջին ընթերցումից հետո նախագծին լրամշակելու այլ հնարավորություն չի տրվում։ Ասաց, որ նախագիծը կամ պետք է ընդունվի, կամ մերժվի։ Ընդգծեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկությունների փուլ ներկայացնելու տարբերակը հնարավորություն է տալիս առավել հստակեցնել կանոնակարգումները և ունենալ օրենսդրություն, որը լավագույնս կապահովի քաղաքացու շահերը։
Հիշեցնենք, որ այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Առաջարկվում է նախագծի համար դադար վերցնել։
«Եթե մենք քննարկեինք նախագիծը շրջանառությունից հանելու հարցը, այլ բան է, բայց խոսքը նախագիծը լրամշակելու համար համապատասխան ժամկետ նախատեսելու մասին է: Այստեղ խոսքը ոչ միայն այն հարցերի մասին է, որոնք կապված են ֆինանսների հետ, այլ նաև իրավական որոշակիության, հետադարձ կիրառելիության սահմանների, այն անձանց շրջանակների, ում նկատմամբ այս նախագիծը պետք է կիրառվի, տնտեսություն-պետություն փոխհարաբերությունները պետք է հստակեցվեն։ Նախագիծը կարևոր է, անհրաժեշտ է, բայց այն պետք է լրամշակել»,- ասաց Վարդանյանը։