Reuters-ը հայտնում է, որ Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոյկեն ասել է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքների պատճառով կազմակերպիչները կարող են պարզեցնել Օլիմպիական խաղերի ձևաչափը:
«Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացումը պահանջում է հատուկ մոտեցում Տոկիոյի և Ճապոնիայի բոլոր քաղաքացիների կողմից: Հնարավոր է, որ դրա համար անհրաժեշտ կլինի պարզեցնել մրցաշարի ձևաչափը»,- ասել է Կոյկեն:
Նահանգապետը չի նշել, թե ի՞նչ պարզեցումներ կարելի է քննարկել, բայց նշել է, որ նման քննարկումները անհրաժեշտ են:
Ավելի վաղ ճապոնական Yomiuri թերթը հայտնել էր, որ հանդիսատեսներից կարող է պահանջվել կորոնավիրուսի վարակի ախտորոշում անցկացնել: Իսկ մարզիկների տեղաշարժը օլիմպիական ավանում կարող է սահմանափակ լինել:
Միջազգային օլիմպիական կոմիտեի տեսչական հանձնաժողովի ղեկավար Ջոն Քոաթսը հայտարարել է, որ խաղերին սպառնում է նոր կորոնավիրուսի համար պատվաստանյութերի պակասը: Դրա պատճառով կազմակերպիչները պետք է հաշվի առնեն «բոլորովին այլ» օլիմպիադա անցկացնելու հնարավորությունը:
Մայիսի վերջին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեն կարող տեղի ունենալ, եթե այն չկայանա 2021-ին։ Ըստ նրա՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաջորդ ամառ համարում է խաղերի անցկացման վերջին տարբերակը:
Հիշեցնենք, որ մարտին հայտարարվեց, որ անհնար է կազմակերպել Տոկիոյի ամառային խաղերը 2020-ին և խաղերը հետաձգվել էին հաջորդ տարի: Խաղերը պետք է անցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: