Միացյալ Նահանգներում 46-ամյա աֆրոամերիկացու ձերբակալության ու սպանության գործում ներգրավված բոլոր չորս ոստիկանների դեմ մեղադրանք է առաջադրվել: Մինչև այժմ սպանության գործով մեղադրանք էր առաջադրվել միայն իրավապահ մարմնի այն ներկայացուցչին, որը ծնկով սեղմել էր Ջորջ Ֆլոյդի կոկորդը, ինչն էլ նրա մահվան պատճառն էր դարձել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Աֆրոամերիկացու սպանությունից անմիջապես հետո բոլոր ոստիկանները հեռացվել էին աշխատանքից, սակայն մեղադրանք առաջադրվել էր միայն մեկին: Այժմ մյուս երեքին ներկայացվել է սպանությանն աջակցելու գործով մեղադրանք:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդի մահը համատարած ընդվզման պատճառ էր դարձել ամբողջ Միացյալ Նահանգներում: Երկրի տասնյակ նահանգներում ու քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ ավերածություններ ու թալան են սկսվել: Անկարգությունների զոհ է դարձել 11 մարդ, կան տասնյակ ձերբակալվածներ ու վիրավորներ: