Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշներին, տեղեկացրել, որ ունենք 418 ծանր և 81 ծայրահեղ ծանր քաղաքացի: Թորոսյանն անդրադարձավ տարածված կարծիքին, թե կորոնավիրուսը սպառնում է տարեցներին, տեղեկացրեց՝ Հայաստանում գրանցվել է նաև 33-ամյա երիտասարդի մահ. նա ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, և մահվան պատճառն այդ բարդացած անամնեզն է եղել:
«Ոչ մեկը, անկախ տարիքից, անկախ սեռից ու կարգավիճակից, ապահովագրված չէ կորոնավիրուսով հիվանդացության դրական ելքով»,- նշեց նախարարը:
Արսեն Թորոսյանը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները: Ըստ նրա՝ կանոնները պահպանելու արդյունքում հնարավոր է հասնել կառավարելի վիճակի: «Մենք առողջապահական համակարգում չենք պատկերացնում, որ, այո, մեկ ամսից կարող է կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը հասնել զրոյի, բայց կարող ենք ունենալ մի իրավիճակ, որ բոլոր քաղաքացիներն անխտիր ստանալու են պատշաճ բուժօգնություն: Պատշաճ բուժօգնության ռեսուրսները միշտ և ամենուր սահմանափակ են, չկա մի երկիր, որ կարողանա սպասարկել անհաշվելի թվով քաղաքացիների: Իսկ այս նոր մարտահրավերի առանձնահատկությունն այն է, որ բոլորս կարող ենք դառնալ դրա թիրախն ու բուժօգնության կարիք ունենալ»,- նշեց Թորոսյանը: