«Մի քիչ նոնսենս է․ իշխանությունն օրենք է բերել, ասում է՝ պիտի լրացնենք, բայց ընդդիմությունը պահանջում է, որ այդ օրենքն ընդունվի, և կոչ է անում կողմ քվեարկել։ Հաճելի է ժողովրդավար այս իրավիճակը տեսնել»,- ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեկուսացման նպաստի վերաբերյալ նախագծի ընդունումը հետաձգելու առաջարկին։
ԱԺ փոխնախագահը, դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին ընդգծեց, որ ժամանակի խնդիր կա, կոչ արեց արագացնել և գիտակցել այն պատասխանատվությունը, որը դրված է իրենց բոլորի ու, մասնավորապես, իրենց նախարարության վրա։ Սիմոնյանը նաև հավանություն չտվեց այն առաջարկին, որ մինչև ուշ երեկո շարունակեն աշխատել ԱԺ-ում։ Ասաց՝ ենթադրում է, որ քննարկումների արդյունքում լինելու է մի իրավիճակ, երբ 24 ժամ մնալու են խորհրդարանում։
Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ ԱԺ նիստից հետո դուրս է գալու և շրջելու է այն ընտրատեղամասերում, որտեղից ընտրվել է։ Ասաց, որ հետևելու է, թե ինչպես են քաղաքացիները դիմակ կրում, և թույլ չի տալու կուտակումներ։
«Կոչ եմ անում բոլորիդ նույն բանն անել այն բոլոր տարածքներում, որտեղ առաջադրվել եք։ Օգնենք մեր երկրին դուրս գալ այս իրավիճակից»,- նշեց Սիմոնյանը՝ դիմելով գործընկերներին։