Խորհրդարանն արտահերթ նիստում մերժեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծին կողմ քվեարկեց 27, դեմ՝ 82 պատգամավոր:
Հիշեցնենք, որ երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկվեց նախագծի համար դադար վերցնել։ Նշվեց, որ առաջարկությունների փուլի համար վերցվող ժամկետը հնարավորություն կտա առավել հստակեցնելու կանոնակարգումները։
Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը պատգամավորին տալիս է գործիք՝ նախագիծը փոփոխելու, լրամշակելու հիմքով մեկ փուլ հետ գնալ։
«Սա հենց այդ դեպքն է։ Նախագիծը շրջանառությունից չի հանվում, մնում է շրջանառության մեջ։ Ուղղակի պետք է որոշակի հավելյալ քննարկումներ իրականացնել, որ երկրորդ ընթերցմամբ այն կրկին մտնի օրակարգ»,- ասաց Զեյնալյանը։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր սահմանել մեկուսացման նպաստ այն վարձու աշխատողների կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքը կազմակերպած անձանց, որոնք մեկուսացվել կամ ինքնամեկուսացվել են։