Հայաստանի առողջապահական համակարգն արել է իր ուժերից մի քանի անգամ ավելին, քան կարող էր՝ վարակի տեմպը զսպելու համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Իրենց իսկ քաղաքական գերեզմանը փորող մի կուսակցություն, որը կարծես «Լուսաւոր կկոչուի», այսօր մի նվագախմբի պես ինձ մեղադրում է «վիրուսի դեմ պայքարը» տապալելու մեջ` մոռանալով, թե ով էր դեմ արտակարգ դրության երկարացմանը, կոնտակտավորների հայտնաբերման ՏՏ համակարգի ներդրմանը, դիմակների կրմանը, ով էր կոկորդ պատռում, որ արագ վերաբացվեն վարակի տարածման աղբյուր հանդիսացող հանրային տրանսպորտը և այսօր արդեն կրկին տասնյակ վարակակիրներ ունեցող մեծ արտադրական ձեռնարկությունները, ով էր կասկածի դնում հյուրանոցներում կարանտինի ապահովման նպատակահարմարությունը` դա համարելով «շռայլություն» և «նկարչություն»:
Հայաստանի առողջապահական համակարգը, ի հեճուկս ձեզ, արել է իր ուժերից մի քանի անգամ ավելին, քան կարող էր՝ վարակի տեմպը զսպելու համար: Տասնյակ տարիներ ՀՆԱ-ից 1.4% չափով թերֆինանսավորված ու նյութատեխնիկական առումով թերզարգացած համակարգը մինչ օրս իրեն պահել է իրենից հարյուրապատիկ ավելի հարուստ համակարգերի պես, մի բան էլ ավելին` շնորհիվ նվիրյալ բուժաշխատողների, որոնց անձամբ խորը շնորհակալ եմ: Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է...»,- գրել է Թորոսյանը: