Վատ լուրեր ունեմ. մեզ մոտ համաճարակային վիճակն ավելի է վատանում: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ երեկ արձանագրվել է արդեն կորոնավիրուսի 697 նոր դեպք: Վարչապետի խոսքով՝ մի իրավիճակում ենք, երբ բուժհաստատությունները չեն կարողանում հոսպիտալացնել հիվանդներին:
Փաշինյանը նշեց, որ ինքը, կինը և դուստրերից մեկը բուժզննություն են անցել և թոքաբորբ չունեն, հիվանդությունը շարունակվում է ասիմպտոմ: Նա ասաց, որ ասիմպտոմ հիվանդների միայն 10 տոկոսի մոտ է հիվանդությունը հետևանքներ ունենում: Վարչապետը հայտնեց, որ ջերմություն չի ունեցել և չունի:
Կառավարության ղեկավարը հայտնեց, որ հիվանդների մոտ 75 տոկոսն ասիմպտոմ է, և դա խանգարում է լուրջ գնահատել իրավիճակը, իսկ մյուս 25 տոկոսի մեջ կան մարդիկ, որոնք լուրջ բուժօգնության կարիք ունեն:
«Եկել ենք, հասել ենք նրան, որ մեր առողջապահական համակարգը ճկռում է: Մենք պիտի ասիմպտոմներին երկու խմբի բաժանենք՝ ասիմպտոմներ, որոնք գիտեն, որ հիվանդ են, և ասիմպտոմներ, որոնք չգիտեն, որ հիվանդ են: Այսօր երկրում կա մոտ 20 հազար մարդ, որ չգիտեն, որ հիվանդ են, նրանց շրջապատն էլ չգիտի, և նրանք էլ դառնում են վարակի հիմնական տարածողը: Այդ մարդիկ տրանսպորտում են, սրճարանում, փողոցում և այլն: Ուստի շատ կարևոր է, որ բոլորս բոլորիս վարակակիր համարենք և շփման մեջ կանխարգելիչ միջոցներ կիրառենք: Դրանք հայտնի հակահամաճարակային կանոններն են»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա կրկին տեղեկացրեց, որ այսօրվանից դիմակ կրելը տնից դուրս ամենուր պարտադիր է, և բոլորը պետք է միմյանցից պահանջեն պահպանել այդ կանոնը: Վարչապետը նշեց, որ ամենաարդյունավետ գործիքը հանրային վերահսկողությունն է, և արդեն իսկ ձևավորվել է հակահամաճարակային հանրային վերահսկողության թիմ:
«Ես հիմա այլ խնդիր եմ դնում՝ Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում, մեզնից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի վարակի տարածումը կանխելու համար: Ինչպե՞ս: Ա) Ինքը ճշգրտորեն պահի հակահամաճարակային կանոնները, Բ) ուրիշից պահանջի պահպանել հակահամաճարակային կանոնները, Գ) հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը հրապարակի սոցիալական իր էջում: Ես կոչ եմ անում բոլորին միանալ այդ շարժմանը»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվելու բանկերին, «Հայփոստին», առևտրի կենտրոններին, տրանսպորտին, պետական կառավարման մարմիններին, և պատժվելու են բոլոր նրանք, որոնք չեն պահպանում համապատասխան կանոնները:
Վարչապետը հայտնեց, որ կորոնավիրոսից մահացել է 6 քաղաքացի, ևս 9 հոգի, որոնք մահացել են կորոնավիրուսի հետևանքով, ունեցել են այլ հիվանդություններ:
Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ հակաճգնաժամային միջոցառումներով 100 մլրդ դրամ հասանելի է դարձել քաղաքացիներին: