Կառավարությունը լրացումներ կատարեց հակաճգնաժամային 8-րդ միջոցառման մեջ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է ընդլայնել կորոնավիրուսի հետևանքով տուժած մասնավոր հատվածի վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի՝ աջակցություն տրամադրելու ոլորտների ցանկը:
Նա նշեց, որ աջակցությունը կտարածվի ևս 9 ոլորտի վրա՝ մանածագործական արտադրատեսակների արտադրություն, փայտանյութի արտադրություն, թղթե արտադրատեսակների արտադրություն, ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն, համակարգիչների արտադրություն, էլեկտրական սարքավորումների արտադրություն, պատճենահանման գործունեություն, համակարգիչների և կենցաղային ապրանքների նորոգում, ֆիզիկական առողջության հետ կապված գործունեություն:
«Ծրագրի ընդլայնմամբ մենք կծածկենք ևս 1875 կազմակերպություն, որոնց մոտ աշխատում է 9171 աշխատակից: Աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ»,- ընդգծեց Ուդումյանը:
Նա հայտնեց, որ պետական օժանդակության 8-րդ միջոցառումից արդեն օգտվել է 124609 մարդ: