Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հարցը: Հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել և հաշվել բնական գազի սակագինը՝ ըստ սպառողական խմբերի:
ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հանձնաժողովի նիստում նշեց, որ եթե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հայտով առաջարկել է բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա ՀԾԿՀ-ն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը՝ հաշվի առնելով Կառավարության 2016-ի նոյեմբերի 3-ի որոշումներով ներկայացված առաջարկությունները, այն է՝ շարունակել ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել առանձին սպառողական խմբեր՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ:
Այսպիսով, հանձնաժողովն առաջարկում է՝ բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման, վաճառվող գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ 1000 խմ համար, սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սակագինը նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ 1000 խմ համար, ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակահատվածի համար և վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ համար սահմանել 224 դոլարին համարժեք դրամ:
Իսկ մյուս սպառողներին, այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար՝ ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ 1000 խմ համար և ամսական 10 հազար խմ գերազանցող գազի սպառման համար սահմանել յուրաքնաչյուր 1000 խմ համար 255.92 դոլարին համարժեք դրամ սակագին: