Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ անդրադարձել է ոստիկանության բարեփոխումներին։ Նախարարը տեղեկացրեց, որ շուտով կսկսվի պարեկային ծառայության 5-ամսյա դասընթացների դիմումների ընդունումը: Ըստ նրա՝ դասընթացների ժամանակ հիմնական շեշտը դրվելու է մասնագիտական ու ֆիզիկական պատրաստվածություն վրա: Կլինեն կրակային դասընթացներ, առաջին բուժօգնության, մասնագիտական այլ դասընթացներ։
Նախարարը տեղեկացրեց, որ 5-ամսյա կրթական գործընթացը հնարավորություն է տալու արտաքին ծառայության նախնական պատրաստվածություն ստանալ և անցնել միանգամից պարեկային ծառայության։ Բադասյանը շեշտեց, որ հետագայում ոստիկանության ակադեմիայում շարունակական վերապատրաստումներ են լինելու։
«Դեռևս ոստիկանությունում ընդունելություն սկսելու մասին հայտարարություն չենք տեղադրել, սակայն մոտ 400 հետաքրքրված անձինք արդարադատության նախարարություն զանգելով կամ նամակով իրենց հետաքրքրությունն են դրսևորել պարեկային ծառայության անցնելու համար»,- ասաց Բադասյանը՝ նշելով, որ մեծ ակտիվություն կա նաև կանանց շրջանում, որոնք ևս ցանկանում են մասնակցել պարեկային ծառայության ընդունելության քննություններին։
Նախարարը հայտնեց, որ պարեկային ծառայության համար արժանապատիվ աշխատավարձ է լինելու։ Ասաց՝ նախնական հաշվարկով՝ կրտսեր պարեկների աշխատավարձը նախատեսված է 250-270 հազար դրամ, իսկ ավագ պարեկներինը՝ ավելի բարձր։