Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթում արձանագրեց՝ «կորոնավիրուսով պայմանավորված՝ ունենք իրավիճակ, որը բնութագրվում է ծանր, շատ ծանր, անգամ՝ պատերազմական բնութագրիչներով, և մեզ պետք է սթափություն»:
«Երբևէ, հատկապես էսպիսի իրավիճակներում, գործին չի կարող օգուտ տալ խուճապը: Չկա էդպիսի իրավիճակ, որտեղ կարելի է կորցնել կառավարումը: Ամեն ինչ սկսվում է իրավիճակի ճիշտ գնահատականից: Որքան վնասակար են անլրջությունը և իրավիճակի թույլ գնահատումը, այնքան և, գուցե եռակի ավելի վնասակար է գույների անհարկի խտացումը»,- նշեց ԱԺ նախագահը:
Հակադարձելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին, թե գուցե նաև ԱԺ դահլիճը հիվանդանոցային կարիքների համար տրամադրելու անհրաժեշտություն լինի, Միրզոյանը նշեց, որ այդպես խոսելը ճիշտ չէ:
«Մի՛ արեք այդպես: Հատկապես վերջին օրերին մեր ողջ քաղաքական թիմը հայտարարում է, որ, այո՛, պատասխանատվությունը մերն է, մենք երբեք չենք փախչում պատասխանատվությունից: Միևնույն ժամանակ՝ թող ոչ ոք չմտածի՝ եթե մենք ասում ենք, որ պատասխանատվությունը մերն է, ուրեմն մնացածը գործ չունեն, մի կողմ քաշվեն: Պիտի կոչ անեմ, որ բոլոր նրանք, ովքեր հանրային կոչեր են անում, եթե սովորաբար 10 անգամ, ապա այս իրավիճակում 11 անգամ մտածեն ամեն շեշտադրման վրա»,- նշեց Միրզոյանը:
Նարեկ Զեյնալյանի առաջարկին՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմանը դեմ քվեարկել և այն տեղափոխել առաջարկների ներկայացման փուլ՝ ԱԺ նախագահը մանրամասնեց, որ անհրաժեշտ է դադար վերցնել, մի քանի օր մտածել հարցի շուրջ:
«Գաղափարը եղել է, գաղափարը քննարկվել է, հանձնվել է թղթին, և հետո այլ գերատեսչության կողմից որոշ հարցեր են բարձրացվել, առաջին հերթին՝ ֆինանսական: Եվ պետք է մի հատ էլ մտածել, մի հատ էլ հաշվել, եթե կպարզվի, որ որոշ շտկումներից հետո կիրառելի է, կընդունենք, կպարզվի՝ անհաղթահարելի խոչընդոտներ կան՝ չենք ընդունի»,- նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: