Տպավորություն է, որ համավարակը վերջնականապես մեկուսացրել է Ազգային ժողովն այն խնդիրներից, որոնք եռում են դրսում՝ ԱԺ ամբիոնից իր ելույթն այսպես սկսեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Հիշեցնելով այսօրվա նոր ռեկորդը՝ գրանցված 697 նոր դեպքերը, պատգամավորը նշեց, որ վիճակը չի թուլանում, ավելի է լարվում։
«Այս իրավիճակը մենք գնահատել ենք որպես պատերազմ, և այն իսկապես այդպես է, որն ընթանում է տեղեկատվական շատ կոնկրետ հարձակումներով՝ դիվերսիոն, ուղղակի թիրախավորված հարձակումներով։ Երեկ և այսօր մենք լսում ենք, որ հիվանդանոցները գերբեռնված են, մահճակալների տեղ չկա։
Ես առաջարկում եմ, որ համայնքային սեփականության շենքերը, քաղաքապետարանները, մարզպետարանները և, եթե անհրաժեշտ է՝ Ազգային ժողովը և մնացած բոլոր հաստատությունները մենք տրամադրենք հիվանդանոցային կարիքի համար, որովհետև բժիշկները ցանկանում են օգնել հիվանդներին, և մենք պետք է ցույց տանք, որ ականջալուր ենք նրանց հորդորներին և պատրաստ ենք նրանց լսել»,- ասաց անկախ պատգամավորը։
Ծանր հիվանդներին չպետք է թողնել տուն ուղարկել՝ նշեց Բաբաջանյանն ու հորդորեց դուրս գալ փողոց, գնալ օգնել բժիշկներին, օգնել ոստիկաններին ու քաղաքացիներին համոզել դիմակ կրել: