ՔԿ տեղեկատվության բաժնից հաղորդում են, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունում (ներկայումս՝ «ՀՀ այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» կնքված պայմանագրերի շրջանակներում պարտավոր լինելով ընկերության կողմից ապահովել պայմանագրային պարտավորությունների պահանջների պատշաճ կատարումը, նույն ընկերության ֆինանսական գծով փոխտնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2011 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով բժշկական կենտրոնի ղեկավարի իրենց կարգավիճակն ու հեղինակությունը, բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների հանձնարարել են բուժօգնություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների հիվանդության պատմագրերում ներառել իրականությանը չհամապատասխանող տվյալներ:
Արդյունքում՝ բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում չստացած կամ 15 օրից պակաս ստացիոնար բուժում ստացած, ինչպես նաև ցերեկային ստացիոնար բուժում ստացած հիվանդների պատմագրերում լրացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ 15-օրյա և ավելի ստացիոնար բուժում ստանալու վերաբերյալ, որի հիման վրա՝ բժիշկ-այրվածքաբանների ներկայացրած տվյալները ներառելով ծրագրի շահառու հանդիսացող անձանց անվամբ ստացիոնար բուժման վերաբերյալ լրացված «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի թերթիկներում՝ դրանք ներկայացրել են ՀՀ առողջապահության նախարարություն և պետության կողմից ստացել չմատուցված բժշկական ծառայությունների դիմաց փոխանցված գումարներ՝ պետությանը պատճառելով էական՝ առանձնապես խոշոր չափի՝ 154.775.080 ՀՀ դրամի վնաս:
Բացի այդ, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, ֆինանսական գծով փոխտնօրենի հետ պետական միջոց հանդիսացող գումարները յուրացնելու նախնական դիտավորությամբ, 2009 թ. սեպտեմբերի 1-ին քաղաքացուն ընկերությունում աշխատանքի է ընդունել որպես ավտոմեխանիկ՝ վերջինիս հետ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն, որ նշված ընկերության ավտոտեխսպասարկման կետ հանդիսացող ավտոտնակում ավտոտեխսպասարկման աշխատանքներ կատարելու համար աշխատանքի ընդունված քաղաքացին ամեն ամիս որպես վարձավճար վճարվելու է 100 ԱՄՆ դոլար, իսկ որպես ընկերության գրանցված աշխատակցի հասանելիք ամենամսյա աշխատավարձը թողնելու է տնօրենին և փոխտնօրենին:
Արդյունքում՝ 2009 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում հափշտակվել է որպես աշխատավարձ հաշվարկված առանձնապես խոշոր չափի՝ 4.798.121 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, 2008 թ. ապրիլի 1-ին ընկերությունում որպես բանվոր աշխատանքի է ընդունել իր ծանոթին, ով մինչև 2018 թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածը չի հաճախել աշխատանքի, այլ կատարել է ընկերության տնօրենի կողմից հանձնարարված՝ անձնական կարիքների համար նախատեսված աշխատանքներ, ինչի համար ծանոթի անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր՝ 4.071.879 ՀՀ դրամ՝ որպես աշխատավարձ և արձակուրդային հասանելիք գումար՝ այդկերպ վատնելով պետության կողմից տրամադրված գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: